«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ հինգշաբթի կայացած գիտական լսմանը զեկուցումներով հանդես եկան Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի թիմի անդամները: Օրթոպեդ-վնասվածքաբան Տիգրան Կուպալյանը ներկայացրեց ճաճանչոսկրի կոտրվածքի բարդացած դեպք, երբ բազում անհաջող վիրահատություններից հետո կարողացել են երիտասարդ տղամարդու ձեռքի ֆունկցիան վերականգնել ճաճանչոսկրի դեֆեկտի լրացումը իրականացնելով անոթային ոտիկով ազատ նրբոլոքային տրանսպլանտատով։
Պլաստիկ վիրաբուժության 2-րդ կուրսի օրդինատոր Դավիթ Հայրապետյանը ներկայացրել է զեկույց «Նրբոլոքային ոսկրային ազատ անոթավորված լաթ» թեմայով, անդրադարձել պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մեջ կիրառվող հյուսվածքային լաթերի դասակարգմանը, տարբեր տրամաչափի անոթների բերանակցումների առանձնահատկություններին՝ ներկայացնելով վիրահատված հիվանդների դեպքերը:
Իսկ օրթոպեդ-վնասվածքաբան Սեդրակ Նարիմանյանն էլ «Ծնկահոդի մահիկների վնասվածքներ» թեմայով զեկույց է ներկայացրել, որը վերաբերում է ծնկահոդի մահիկների վնասվածքների տարածվածությանը, դասակարգմանը, ախտորոշման և բուժման ընդհանուր դրույթներին։ Զեկույցում բժիշկը ներկայացրել է ախտորոշման սպեցիֆիկ եղանակ, որը կիրառվում է համալսարանական հիվանդանոցում և մահիկների արմատների վնասման դեպքերում սեփական փորձը։
.png)